Գյումրիում փլուզվել է վթարային շենքի պատշգամբի մի հատվածը

Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծ 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով, գրում է Shantnews.am-ը:

 

Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են առաջացել, ինչն էլ, ըստ բնակիչների, փլուզման պատճառ է դարձել: Ըստ սեյսմիկ ծառայության եզրակացության՝ պատշգամբները 4-րդ աստիճանի վթարայնության են, այսինքն՝ ենթակա են քանդման:  Տիգրան Մեծ 5 շենքի մի հատվածն ամրացվել է Լինսի հիմնադրամի բնակարանաշինական ծրագրով, իսկ մյուս մասը 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարային է:

 

«Այս շենքում նախկինում էլ եղել են փլուզումներ: Փլուզվել էին 3-րդ հարկի փայտյա կոնստրուկցիաները: Մենք երկու առանձին ծրագրերով ներկայացրել ենք շենքի վերականգնման ծրագիրը: Այս պահին սպասում ենք կառավարության պատասխանին: Պատշգամբները 4-րդ աստիճանի վթարային են, արդեն ենթակա են քանդման»,-Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:

 

Բնակիչներին նորից առաջարկում են սպասել, մինչև կորոշվի, թե երբ է ֆինանսավորում հատկացվելու, կամ հատկացվելո՞ւ է արդյոք: Իսկ այդ ընթացքում Տիգրան Մեծ 5-ում անգամ մասնակի նորոգման աշխատանքներ հնարավոր չեն:

 

Համատիրությունն էլ է հրաժարվել շենքը սպասարկել՝ այն պատճառաբանությամբ, որ ամրացման ենթակա շենքում ընթացիկ նորոգումներն անօգուտ են:

Քաղաքականություն

Պատահարներ