Սեւանա լճի վերականգնման ծրագիր ՝ ուղղված վարչապետին

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը եւ աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական կամավորական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը Սևանա լճի ապօրինի կասեցված մակարդակի բնականոն աճի վերականգնման համալիր ծրագրի բաց նամակ-առաջարկով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

 

Նամակն ամբողջապես ներկայացնում ենք ստորև.

«Արդեն 7-րդ տարին է (2012-2018թթ.) ինչ առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը։ Ուղղակիորեն չի խնայվել և չի պաշարվել լիճ թափվող ջրի մեծ ծավալներ, որոնք ընդանուր առմամբ կլրացներին լճի  պաշարները մոտ 2 մլրդ խմ-ով,  կամ մոտ 1,6 մ լճի մակարդակ։

 

 

Թուլատրված չափից ավելի մեծ ծավալների ջրի բացթողումների հիմնական և առաջնահերթ նպատակը (կան և այլ նպատակներ) միտված է եղել ազդեցության լծակներ ունեցող բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներին և օլիգարխներին պատկանող Սևանի ափամերձ հսկայական տարածքները զբաղեցրած բազմաթիվ գերշահույթաբեր օբյեկտների, նրանց դղյակների և այլ շինությունների «երկարակեցության» ապահովմանը։

Դա է պատճառը, որ վերջին 7 տարիների ընթացքում Սևանի մակարդակը բարձրացել է ընդամենը 25սմ-ով, երբ նույն 7 տարում (2002-2008թթ.) այն բարձրացել էր 254 սմ-ով։ Ընդ որում՝ այդ երկու ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները քիչ են տարբերվել միմյանցից։

 

 

Այդ նույն 2002-ից սկսած և գրեթե մինչ օրս շարունակվող Սևանա լճի մակարդակի նման աննախադեպ և շարունակական բարձրացումը պայմանավորված է Երկիր մոլորակի տաքացմամբ։ Շնորհիվ դրան իրականացավ մեր սերնդակիցների երազած հրաշքը և նույն այդ թվականից սկսվեց լճի «ոսկի դարաշրջանը»՝ նրա փրկության ու վերածննդի բաղձալի սկիզբը։

Երկար տարիներ «փրկության» սպասած Սևանա լճին «ձեռք մեկնեց» միակ փրկարարը՝ նորին մեծություն բնությունը, պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ՝ հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով տարիներ, որոնք, բարեբախտաբար, շարունակվում են գրեթե մինչ օրս։

Ցավոք, 7-րդ տարին է, ինչ «համառորեն հրաժարվում» ենք բնության այդ եզակի «պարգևից», ինչի հետևանքով կորցրինք լճի սուղ պաշարները՝ էլ ավելի շատ լրացնելու հնարավարությունը։

Չնայած Սևանի մակարդակի բնականոն աճի 7 տարիների կասեցմանը, այդուհանդերձ, նոր կառավարությունը կարող է հնարավորինս արագ և սեղմ ժամկետում վերականգնել լճի ջրի կորսված ծավալները։ Այդ նպատակով առաջարկում ենք առաջնահերթ և միաժամանակյա համալիր միջոցառումների հետևյալ ծրագիրը.

 

ա) Շատ շտապ կարգով ՀՀ բոլոր մարզերում եղած ջրամբարներն այսուհետ ամրակցել տվյալ տարածքի մարզպետի անձնական խիստ պատասխանատվության ներքո, պարտավորեցնելով նրան ապահովել հնարավորինս մեծ ծավալի ջրի անկորուստ կուտակում ջրամբարներում։ Ցանկալի է, որ անխտիր բոլոր ջրանբարներում շարունակաբար իրականացվի կուտակվող ջրի ծավալի (կամ նրա մակարդակի) փոփոխության դինամիկայի, ինչպես նաև ջրամբարից բաց թողնվող ջրի քանակի (պայմանագրով՝ ում, և ինչ ծավալի) ցուցմունքների առցանց վերահսկում և գրանցում։

Այդ միջոցառումները մարզպետի կողմից հետևողական և շահագրգիռ իրականացման դեպքում մարզը պետք է արժանանա (կառավարության կողմից) «պարգևատրման»՝ կուտակված ջրի ծավալին համապատասխան գումարով (1 խմ-ը՝ 1 կամ 2 դրամ հաշվարկով)։

Անկասկած, նման առաջարկի կյանքի կոչումը զգալիորեն կնպաստի ջրի հնարավորինս առավելագույն կուտակմանը ջրամբարում, կտրուկ կկրճատի կուտակված ջրի անխնա վատնումը և նրա հետ կապված կոռուպցիան։

բ) Մինչև 2019-ի ավարտը վերջնականապես ավարտել Արփա-Սևան ջրատար թունելի երկար տարիներ շարունակվող, միտումնավոր ձգձգվող վերանորոգման աշխատանքները։

 

գ) Մինչև 2020-ի ոռոգման սեզոնի սկիզբն ավարտել ողջ ոռոգման ցանցի ջրանցքներում՝ այդ թվում նաև Սևան-Հրազդան ջրանցքում, եղած «ճեղքվածքների» վերանորոգումը, որտեղ (պաշտ. տվյալ.) ունենք ավելի քան 40% ջրի կորուստ։ Այսինքն՝ միայն վերջին 10 տարում Սևանա լճից միայն ոռոգման նպատակով վերցրած 2,016 մլրդ խմ-ից  (հաշված նաև լրացուցիչ ջրառը) հենց այնպես, զուր տեղը կորցրել է մոտ 806 մլն խմ ջուր, կամ մոտ 65 սմ լճի մակարդակ։

 

դ)Անհապաղ, սեղմ ժամկետում սկսել Որոտան-Արփա ջրատար թունելով ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, որի միջոցով նախատեսված էր տարեկան լրացուցիչ ևս 165 մլն խմ ջուր հասցնել Սևանա լճին։ Տեղեկացնենք, որ իր «հանդիսավոր» գործարկման օրվանից (26.04.2004թ) մինչ օրս՝ այս թունելով անգամ մեկ լիտր ջուր չի տեղափոխվել Սևանա լիճ։ Միայն դրա գործարկումով, եթե  տարեկան տեղափոխվեր թեկուզ 100 մլն խմ (165 մլն խմ-ի փոխորեն), ապա այդ ընթացքում Սևանա լիճը կարող էր ստանալ մոտ 1,5 մլրդ խմ լրացուցիչ ջուր, կամ մոտ 1,2մ լճի մակարդակ։

ե) Որոտան-Արփա-Սևան թունելով լիճ լցվող և լճից բաց թողնվող ջրի ծավալների չափերի վերահսկման աշխատանքներին լիիրավ և մշտական մասնակից դարձնել նաև բնապահպան կազմակերպություններին՝ տեխնիկական հնարավորություններ ստեղծելով առցանց հետևելու այդ գործընթացներին։

 

զ) 2020-ից սկսած Սևանա լճից բաց թողնվող ջրի տարեկան ծավալը հնարավորության դեպքում օրենսդրորեն կրճատել մինչև150 մլն խմ-ը, և այնուհետև խստագույնս պահպանել լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման օրենքով ամրագրած չափաքանակը։

է) Հետայսու խստիվ արգելել Սևանա լիճը սնող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը՝ հնարավորության դեպքում ապամոնտաժել արդեն իսկ գործողները։

ը) Հնարավորինս շտապ վերսկսել և իր ավարտին հասցնել 1994-ից անավարտ մնացած Եղվարդի՝ խորհրդային տարիներին շատ մեծ ծավալի հողային (հիմնական) աշխատանքները գրեթե ավարտած (նախնական նախագծով՝ 228 մլն խմ տարողությամբ) ջրամբարի կառուցումը, որը կարող է առնվազն 60-70 մլն խմ-ով կրճատել տարեկան ջրառը Սևանա լճից։

 

 

թ) Կարծում ենք, որ այսօրվա կառավարությունը կիրականացնի մեր հանրության տարիներ երազած ցանկությունը՝ «ազատագրել» օլիգարխների և իրենց «յուրայինների» կողմից գրոշներով անօրեն օտարված, ներկայումս գերության մեջ հայտնված Սևանա լճի ափամերձ ողջ տարածքը իր ազգային պարկով, և այն բարեկիրթ կարգով կվերադարձնի իր տիրոջը՝ ժողովրդին։ Այսօր այն եզակի պահն է, որ Սևանա լճիը հարող ափամերձ ողջ տարածքը (ջրի եզրից 50-100 մետր ափի լայնությամբ` կախված ափամերձ ռելիեֆից) առանց ձգձգելու պետք է ճանաչել որպես հանրային գերակա շահ, և այն վերադարձնել հանրությանը։ Այդ ազատված ափամերձ գոտում չապամոնտաժված շինությունների զբաղեցրած հողատարածքը պետությունը կարող է հանձնել նույն տիրոջը տարեկան վարձակալության (մեկ քմ-ը, կախված այնտեղ եղած շինության տեսակից  (հիմնական թե շարժական)  և որակից` 1000ից-5000դրամ)։ Նման ռազմավարության  ճիշտ կիռարկման դեպքում ափամերձ գոտու զգալի մասն ինքնակամ (ստիպված) կազատեն։

ժ) Ատոմակայանի աշխատանքի դադարեցումը պրոֆիլակտիվ նպատակով, հնարավորինս իրագործել հենց հատկապես ոռոգման սեզոնի ընթացքում, որպեսզի մեկ, մեկուկես ամսով «հարկադրաբար» լրացուցիչ ջուր բաց չթողնվի լճից՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադն աշխատեցնելու նպատակով։

Ինչևէ, եթե չլինեին վերը նշված բոլոր խարդավանքներն ու ջրի ապօրինի բացթողումները, ապա այսօր մենք շատ մոտ  կլինեինք   ՀՀ կառավարության կողմից հաստատված հաշվարկային նիշին (1903,5մ-ին)։

 

Եվս մեկ կարևոր առաջարկություն միտված՝ սեղմ ժամկետում Սևանի մակարդակի արագ բարձրացմանը։ Դա լճին վերաբերվող բոլոր հարցերի և խնդիրների մասին մեր հանրությանն ամբողջությամբ տեղյակ պահելն է, որի իրագործմանը կօգնի՝ Սևանա լճին նվիրված ամսագրի թողարկումը։

Վերոնշյալ փաստերի ճշմարտացիության մեջ համոզվելու համար խնդրում ենք մեր առաջարկություններն ուղարկել փորձագիտական ուսումնասիրության»:

Քաղաքականություն

Պատահարներ