Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման նպատակով իրականացված հատուկ գործողությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 136-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությունը:

«ա2019-ի օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին բուժօգնություն է ցույց տրվել 136 տուժածի», - հայտնել են գերատեսչությունից՝ մասնավորեցնելով, որ նրանցից 109-ը բուժհաստատություն են դիմել, իսկ 27-ին բուժօգնություն է տրամադրվել Կոյ Տաշ գյուղում: Ներկա պահին բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 14 տուժած: Նրանցից 13-ի վիճակը կայուն է, իսկ երկրի ՆԳՆ Չույսկի շրջանի գլխավոր վարչության ղեկավար Սամատ Կուրմանկուլովը դեռևս կոմայի մեջ է գտնվում:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի հատուկջոկատայինները գրոհ էին սկսել Աթամբաևի կեցավայրի մոտ, որը շարունակվել է մինչև հաջորդ օրվա կեսը, որից հետո երկրի նախկին նախագահը հանձնվել է իշխանություններին:  

Հարցաքննությունից հետո Աթամբաևին մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի՝ բանտից անօրինական ազատ արձակման շուրջ հարուցված կոռուպցիոն գործով:

Քաղաքականություն

Պատահարներ