Աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի դրանից՝ կսահմանվի լրացուցիչ հսկողություն: 

«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի, պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,- նշել է քաղաքապետը: 

Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվո՞ւմ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում: 

Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: 

Նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են: 
 

Քաղաքականություն

Պատահարներ