Քրեական գործով անցնող Բյուրակնի դպրոցի տնօրենը վերընտրվել է

Երեկ  կայացել է Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Տնօրենի լիազորությունները դադարեցվել էին պաշտոնավարման  ժամկետը լրանալու պատճառով։ Մրցույթին կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են եղել 7-ը, իսկ մինչ մրցույթի օրը, ժամկետների 3 տարին լրանալու պատճառով փոխվել էին Կառավարման խորհրդի, մարզպետարանի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները։ 

Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու, որը դպրոցի ներկայիս տնօրեն Լուսինե Մելիքյանն էր։ Նա փակ և գաղտնի քվեարկության արդյունքում տնօրենի պաշտոնում վերընտրվել է 5 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 

SHANTNEWS.am-ը մրցույթի ավարտից հետո փորձել է կապ հաստատել Լուսինե Մելիքյանի հետ, բայց նրա հեռախոսը մշտապես եղել է անհասանելի, իսկ կառավարման խորհրդի նախագահ, նույն դպրոցի ուսուցչուհի Ալինա Ֆարմանյանը մեր հետ հեռախոսազրույցի ընթացքում հրաժարվել է պատասխանել հարցերին ու անջատել է հեռախոսը։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ չնայած մրցույթում ընթացակարգային խախտումներ չեն եղել, բայց միակ թեկնածուին կառավարման խորհրդի  անդամները՝ հատկապես դպրոցի ուսուցիչներն ու ծնողները, գրեթե հարցեր չեն ուղղել, նույնիսկ կառավարման խորհրդի նախագահը ծանոթ չի եղել թեկնածուի ներկայացրած զարգացման հայեցակարգային ծրագրին: 


Հիշեցնենք, որ Բյուրակնի միջնակարգ դպրոցում երկար ժամանակ է՝ լարված վիճակ էր, աշակերտների ծնողները բազմիցս դժգոհություններ ու բողոք էին ներկայացրել տնօրենի անօրինական գործողությունների, դպրոցում տնօրենի և ուսուցիչներից շատերի միջև միջանձնային հարաբերությունները լարված էին: Ծնողները բողոքներ էին ներկայացրել այն մասին, որ իրենց երեխաներին ներկայացրել են որպես առողջական խնդիրներ ունեցող երեխաներ ու ընդգրկել ներառական կրթական ծրագրում: Դպրոցում 74 աշակերտներից 43-ը համարվել են  ներառական կրթության կարիք ունեցողներ: 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Բյուրակնի դպրոցի դեպքերի առնչությամբ ՔՕ 325 հոդվածի հատկանիշներով. այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: 

Այս պահին ընթանում է նախաքննություն: Առերևույթ հանցագործության կատարման հատկանիշներ պարունակող կետեր հայտնաբերելու դեպքում կհարուցվեն նաև այլ քրեական գործեր: 

 

Քաղաքականություն

Պատահարներ