Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային

Նոր Զելանդիայի խորհրդարանը նիստերի դահլիճում հատուկ հյուր է ունեցել՝ մեկ ամսական փոքրիկ: CNN-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի խոսնակ Թրևոր Մալարդը պատգամավորներից մեկի երեխային գրկել է և շշով կերակրել՝ միևնույն ժամանակ վարելով նիստը: 

«Սովորաբար խոսնակի աթոռն օգտագործվում է միայն նիստը նախագահողների կողմից, սակայն այսօր ինձ հետ այս աթոռը կիսում է շատ կարևոր մի անձ»,- իր թվիթերյան էջում գրել է Մալարդը: 

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը բանավեճը լսելիս օրորել է երեխային: Սոցցանցերում Մալարդի քայլը բավական դրական արձագանք է ստացել: 

Անցյալ տարի Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվել՝ պաշտոնավարման ժամանակ երեխա ունենալով: Արդերնը և ամուսինը երեխային իրենց հետ տարել էին նույնիսկ ՄԱԿ-ի համաժողովին: Արդերնը հայտարարել էր, որ դա «պրակտիկ որոշում է»: 

Մինչդեռ նման քայլը ոչ բոլոր երկրներում է ընդունելի: Օրեր առաջ Քենիայում խորհրդարանի անդամներից մեկը երեխային բերել էր նիստի, սակայն նրան հանել էին նիստերի դահլիճից: 
 

Քաղաքականություն

Պատահարներ