Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար. hetq.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: 

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար: 

Դեռևս նախորդ տարի՝ օգոստոսի 10-ին, Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակվել էր համալիր դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Մենք հետաքրքվել էինք, թե արդյոք մեկ տարի անց փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն և այդ տվյալների հիմա վրա հնարավո՞ր է արձանագրել, որ Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով: 

«Տրդատ Խաչատրյանը համաձայն դատաբժշկական, ստացիոնար դատահոգեբանական և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացության, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ինչ վերաբերում է Տրդատ Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից օրինական կերպով ազատված լինելու հարցին, ապա այն ենթակա է գնահատման քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ընթացքում»,- ասված է հարցման պատասխանում: Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ գործով նախաքննությունը շարունակվում է: 
Տրդատ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, թե ինչպես է ստացվել, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի պարտադիր զինծառայության համար: 

«Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը: 

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»,- գրել էր Տրդատ Խաչատրյանը: 

Իր նամակում Խաչատրյանը գրել էր նաև, որ դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, որից հետո իր առողջական վիճակում բարելավում է նկատվել, նաև ընդգծել՝ անկախ փորձաքննության արդյունքներից պատրաստ է ծառայել ԶՈՒ-ում: 

Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ևս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 
 

Քաղաքականություն