Եթե մեր գործողությունները չբավարարեն ընտրողներին, կարող են նախաձեռնել անվստահության հանրաքվե. Հ․Աղազարյանը՝ Ամուլսարի մասին

«Իմ քայլ»-ում գերակշռում է տեսակետ առ այն, որ այս պահին հնարավորություն չունեն կասեցնելու Ամուլսարի հանքի շահագործման գործընթացը, իրավական այդպիսի հիմք այս պահին չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Կան, իհարկե, մարդիկ, ովքեր գտնում են, որ պետք է կասեցնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե  ինչ հետևանքներ է ունենալու նրանց դեմ լինելը, հնարավոր է՝ մանդատից հրաժարվեն, պատգամավորն ասաց. «Եթե պետք է այնպես լինի, որ հանքը շահագործվի, ապա այդ մարդիկ կլինեն այն առաջամարտիկները, որոնց մանրակրկիտ վերահսկողության պայմաններում կաշխատի հանքը և չնչին իսկ շեղման դեպքում իրենք կբարձրաձայնեն»: Նա հավելեց,  որ տեսակետների բախման արդյունքում կշահի պետությունը:

«Մեր ընկերներն, ովքեր եղել են քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ովքեր պայքարել են բնության համար, այդ մարդիկ պետք է հաշվի առնեն, որ այսօր նոր իրողություն է, այսօրվա ոչ կոռումպացված կառավարության պայմաններում այդ վերահսկողությունը կարելի է  անցկացնել ավելի ռացիոնալ, և իրենք մի փոքր պետք է ավելի  հաշտ ու համոզված լինեն, որ իրենց դիրքերը լավ կլինեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ուր մնաց քաղաքացիների դժգոհությունը, ովքեր «Իմ քայլը» խմբակցությանը ձայն են տվել և այսօր պահանջում են, որ հանքը չշահագործվի, պատգամավորն ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի մեջ չկար կետ, որ իրենք գալու են՝  դադարեցնեն հանքի շահագործումը, այլ հակառակը` նշված էր, որ կթույլատրվի բարձր մակարդակի փորձաքննություն իրականացնելուց հետո, և այդ փորձաքննությունն անցկացվել է:

«Մենք հաշվի ենք նստում քաղաքացիների ձայնի հետ, եթե մեր գործողությունները չբավարարեն մեր ընտրողներին, քաղաքական հակառակորդներին, ապա իրենք կարող են նախաձեռնել անվստահության հանրաքվե իշխանության նկատմամբ և իշխանությունը կհեռանա: Մենք այդ մշակույթն արդեն սերմանել ենք: Կամ կարող են փողոցներ հանել տասնյակ հազարավոր մարդկանց, մենք սուս ու փուս կհեռանանք, այսինքն՝ նոր ընտրություններ կկազմակերպենք, եթե այս հարցում ժողովուրդը մեզ չվստահի»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելուն, Հովիկ Աղազարյանը նշեց, որ համաձայն չէ դրան, քանի որ երբեմն անգամ իրենք են խճճվում, իսկ հասարակ ժողովուրդը ինչպե՞ս կարող է այնքան ուսումնասիրել այդ հարցը, որ ասի` այո, թե ոչ:

«Ես տեղեկատվություն ունեմ, որ «Լիդիան Արմենիան» չի ցանկանում շահագործել հանքը: Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում այն ակտիվիստներից, որոնք այդ ամենն անում են իրենց սրտի մղումով և համոզմունքներին համապատասխան, բայց շատ մարդիկ ուղղորդված են «Լիդիան Արմենիայի» և Արսենյանի կողմից, որ հանքը չշահագործվի, քանի որ Լիդիանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Հսկայական յուրացումներ է արել և հիմա այդ ամենը փորձում է թողնել մեզ վրա և արբիտաժով ստանալ գումարներ ու ջրից չոր դուրս գալ:  Մենք այդ ճանապարհով չենք գնում, պայմաններն ու չափանիշներն են խստացվել, որ եթե շեղում լինի, գործունեությունը կասեցվի»,-ասաց նա և նշեց, որ «Լիդիանը» փորձել է 30 միլիոն դոլար վարկ վերցնել:

Քաղաքականություն

Պատահարներ