ՈՒՂԻՂ․ Ֆրանսիայում 9000 մարդ է դուրս եկել G7-ի դեմ ցույցի

Ֆրանսիայում շուրջ 9000 մարդ է մասնակցել այսօր մեկնարկվող G7 գագաթնաժողովի դեմ կազմակերպված ցույցին, հայտնում է BFMTV հեռուստաալիքը: Երթը մեկնարկել է Անդայ կոմունայում՝ կեսօրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ցույցն անցել է հանգիստ մթնոլորտում. մասնակցել են բնապահպաններ, հակագլոբալիստներ և մի քանի տասնյակ «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:

Առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, գլխավոր առաջնահերթություն է համարում  անհավասարության դեմ պայքարը: Այդ նպատակով գագաթնաժողով են հրավիրվել նաև 8 գործընկեր երկրների առաջնորդները՝ այդ թվում Ավստրալիայի, Չիլիի, Բուրկինա Ֆասոյի, Սենեգալի, Ռուանդայի, ՀԱՀ-ի: 

G7-ին անդամակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան: 

Քաղաքականություն

Պատահարներ