Կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. Փաշինյան

Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ խոսել մեր կայացրած որոշումներից մեկի մասին. երբ մտածում էինք, թե ինչ կարգախոսով մենք պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին: Ի վերջո, ընդունեցինք, որ որ Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջիկա տարիների կարգախոսը պետք է լինի հետեւյալը՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»,-ասաց նա:

«Մենք որոշեցինք, որ անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը եւ անհատի հնարավորություններ բոլոր կողմերից պետք է լինեն անսահմանափակ: Մյուս կողմից մեզ համար շատ կարեւոր է, որ նոր Հայաստանը հիմնված լինի ազգային ավանդույթների ու արժեքների վրա: Դրա համար մենք որոշեցինք այդ ավանդույթից վերցնել ամենաառանցքայինը, ամենագենետիկը, վերցնենք մեր օջախը եւ դրա շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, պատեր, չկա բռնություն ու սահմանափակում»,-ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ չպետք է վախենալ երազել ավելի լավ, ավելի ուժեղ, հզոր Հայաստանի մասին. «Հայաստանի Հանրապետությունը ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն: Ես մեզ բոլորիս տեսնում եմ այդ ազատ ու երջանիկ Հայաստանի քաղաքացի: Մենք բոլորս այդպիսի Հայաստանի քաղաքացիներ ենք, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում: Քաղաքացիության ամենակարեւոր արգասիքը Հայաստանով ապրելն է»:

Քաղաքականություն

Պատահարներ