ՈՒՂԻՂ․ Քայլերթ Երևանում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։ Քայլերթը մեկնարկել է Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։  Կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ քայլերթի նպատակն է՝ -Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին, -Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին, -Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումն Ամուլսարի պաշտպանության հարցում։ Տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ ակնկալում են բոլոր մտահոգ քաղաքացիների ներկայությունն Ամուլսարի համար այս վճռորոշ օրերին։ Խնդիրը ծայրաստիճան է դառնում ու վարչապետը պարտավոր է պահել իր խոստումը: Այս մասին երթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:  «Եթե խոստացվել էր, թե քանի դեռ չկան հստակ երաշխիքներ, որ Ամուլսարի շահագործումը չի ունենա անդառնալի հետևանքներ, ուրեմն չպետք է այն շահագործվի: Ապացույցներ դեռ չկան»,- ասաց պատգամավորը:  Գորգիսյանը նկատեց, որ հարցի առնչությամբ դիրքորոշում պետք է հայտնի նաև բնապահպանության նախարարը, այնինչ նա «Ձմեռ պապիկի, բարի փերիի պես մի բան է դարձել. բոլորը նրա մասին խոսում են, բայց նա գոյություն չունի»: Երթին մասնակցում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց, որ Ամուլսարի շահագործումը կլինի ցեղասպանություն, ինչի մասին տարիներ առաջ իրենք ԱԺ ամբիոնից հայտարարել են:  «Որևէ որոշում առանց ժողովրդի համաձայնության չի կարող կայացվել: Մենք այստեղ ենք, լիազորված ենք ջերմուկցիների շնորհիվ: Երկու կարծիք լինել չի կարող. եթե ժողովուրդը դեմ է, չի կարող հանքը շահագործվել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար են դոլարներ վճարել մի կազմակերպության, որը նախորդ իշխանության կողմից արված ուսումնասիրությունների հիմքում եզրակացություն է տվել»,- ասաց նա:  Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երթը վարչապետի դեմ չէ, պարզապես մարդիկ մտահոգ են, որովհետև հասկանում են, որ քաղցկեղի աճը բնապահպանական խնդիրներով ևս պայմանավորված է:  «Կլինի վարչապետի հերթական խորհրդատվությունը Լիդիանի ղեկավարների հետ, կգան համաձայնության, օքեյ, չեն գա համաձայնության... »,- նշեց նա: Նա հիշեցրեց վարչապետի նախկինում արված հայտարարությունը, որ հանքարդյունաբերության վրա տնտեսությունը զարգացնելու մոտեցումը պետք է վերանայել:  

Քաղաքականություն

Պատահարներ