Ապրեն հրշեջ-փրկարարները, իրենք տղա են, որոշներից ավելի լավ տղա են. Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցությանը բարկացած էր

Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Քննության ենթարկվեց ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և մանրամասն վերլուծվեց դրանցից բխող գործողությունները:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր խոշոր հրդեհից հետո պետք է իրականացվի մանրամասն վերլուծություն, հստակեցվի պատճառները, անվանական պատասխանատվություն սահմանվի թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվեն աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները:

ԱԻ նախարարը իր խոսքում բարկացավ ՀՓՋ որոշ ղեկավարների պահվածքի համար, նշեց, որ սպիտակ վերնաշապիկով պարզապես զբոսնելն ու հրահանգներ տալը մասնագիտական չէ, երբ մյուս աշխատողները կրակի ու մրի հետ կռիվ են տալիս.

«Ինչ է նշանակում հրդեհի վայրում սպիտակ սառոչկայով ֆռֆռալ, էն մեկը վառվում է կրակի մեջ, էն մյուսը կանգնել հրահանգներ է տալիս, ո՞վ են իրանք, օժանդակու՞մ են, հա՞, էդ ինչ օժանդակել է: Քաղաքի բաժնի պետեր կան, ֆռֆռում են, ո՞րն է իրենց աշխատանքը»,-ասաց նախարարն ու հանձնարարեց անուն առ անուն իրեն ներկայացնել այն բոլոր անձանց, որոնք պարզապես կանգնել ու հրահանգներ են տվել տարածքում, այնուհետ շնորհակալություն հայտնեց ցածր օղակի աշխատակիցներին.  

«Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ցածր օղակի աշխատակիցներից, իրենք տղա՛ են, որոշներից ավելի լավ տղա են, ամեն ինչ անելու եմ աշխատավարձերը բարձրացնելու համար, ամեն ինչ»,-նշեց նախարարը:

Քաղաքականություն