Պուտինը Էրդողանին պաղպաղակ է հյուրասիրել, մանրը՝ խնդրել փոխանցել ավիացիայի զարգացման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱՔՍ ավիասալոնի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հյուրասիրել է ռուսական պաղպաղակով:

 

Մոտենալով կրպակին՝ Պուտինը հետաքրքրվել է տեսականիով: Թարգմանիչը սկսել է հապշտապ թարգմանել Էրդողանին: Իսկ Պուտինը թեքվել է վաճառասեղանին՝ ընտրելով: «Վոլգոգրադյանը տվեք»,- ասել է նա եւ պաղպաղակը մեկնել իր հյուրին: «Իսկ ինձ ահա սա»,- «Կորովկա Կորենովկայից» պաղպաղակով զամբյուղի կողմն է ցույց տվել ՌԴ նախագահը: «Շոկոլադե՞, թե՞ սերուցքային»,- հարցրել է աղջիկը: «Տվեք թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- ծիծաղել է Պուտինը:

Աղջիկն արագ հաշվել է գնումի ընդհանուր գումարը՝ 210 ռուբլի: Պուտինը գրպանից թղթադրամների կույտ է հանել, որոնց մեջ կային 5-հազարանոցներ, հազարանոց թղթադրամներ եւ «200-ռուբլիանոց»: Նա 5 հազար է մեկնել վաճառողին: «Մանրը նախարարին կտաք: Սա նրան ավիացիայի զարգացման համար»,- գլխով ցույց է տվել արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի կողմը: «Շնորհակալություն առատաձեռնության համար»,- ծիծաղել է նախարարը:

 

 

Քաղաքականություն