Եթե ՊԵԿ-ից նամակ ստանամ, սիրով կընթերցեմ, կգնամ ու կզրուցեմ. Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանին ՊԵԿ-ից ուղարկված նամակը չի հասել, քանի որ նախկին բնակարանում չի բնակվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է երգչուհին:

 

 «Հասցես փոխել եմ, գուցե մայրիկի՞ս են տվել, դեռ տեղյակ չեմ: Իմ հարցերով մայրս է զբաղվում, եթե ստանամ նամակ՝ սիրով կընթերցեմ եւ անպայման կգնամ ու կզրուցեմ այդ հարցի շուրջ»,- լրատվականի հետ զրույցում նշել է Սոնա Շահգելդյանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ պետական եկամուտների կոմիտեից գրություն ստացած՝ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում է նաեւ երգչուհի Սոնա Շահգելդյանը:

 

Վերջինս վստահեցրեց, որ ինչքան մասնակցել է պետական միջոցառումների՝ վճարել է. «Նախկինում կլուբներում էի աշխատում, հիմա դուրս եմ եկել այլեւս այնտեղ գրանցված չեմ, եթե գրանցեն, իհարկե՝ կվճարեմ»: Երգչուհին վստահեցրեց, որ շատ պարտաճանաչ է եւ հնարավոր չէ, որ վճարելու գումարը վճարած չլինի:

 

Նա եւս մեկ անգամ մատնանշեց, որ հարկեր վճարելու եւ եկամուտները հայտարարգրելու առումով պետք է ճիշտ սխեմա կառուցվի եւ ճիշտ մոտեցում դրսեւորվի:

 

Սոնա Շահգելդյանը հիշեցրեց, որ երբ Լատվիայի Յուրմալա քաղաքում «Նոր ալիք» մրցույթում լավագույն երիտասարդ երգչուհի  ճանաչվեց ու գումար ստացավ, այդ գումարից պետությանը հարկեր է վճարել. «Շեշտեմ, որ դա ես իմ հալալ քրտինքով էի աշխատել: Վերջին 10 տարում ոչ ոք չէր հաղթել այդ բարդ մրցույթում: Ես դրան ոչ մի ձեւով դեմ չեմ, ուղղակի ասածս այն է, որ միշտ էլ որոշ տոկոսներ մուծել եմ»,-եզրափակել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ