21-րդ դարի ամենակորստաբեր ահաբեկչությունը

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու- Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը պատմության օրացույցում սև գույնով ներկվեց, հազարավոր մարդկանց կյանքի ընթացքը գլխիվայր շրջվեց: Ողջ աշխարհի բնակիչներն աչքերն ուղղեցին հեռուստաէկրաններին: 

 

Իսկ այնտեղ երկու հսկա երկնաքերեր ընդամենը մի քանի րոպեում, ասես ֆիլմում, հավասարվեցին հողին: Էկրաններին, սակայն, ամենաիրական կադրեր էին՝ ամենաիրական կորուստներով: Այս ահաբեկչությունը հետո պիտի կոչվեր 21-րդ դարի ամենակորստաբերը:

 

9/11 անվանումն ստացած ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել: Վաղ առավոտյան, «Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 մահապարտներ, հենց երկնքում ուղևորատար 4 ինքնաթիռներ են գրավում: Ծրագրի համաձայն՝ ինքնաթիռներից յուրաքանչյուրը պետք է ուղղվեր հստակ, թիրախավորված կառույցների՝ հնարավորինս մեծ թվով զոհեր ու ֆինանսական կորուստ պատճառելու համար:

 

American Airlines ավիաընկերության զավթված Boeing 767 ուղևորատար ինքնաթիռը, փոխելով ուղղությունը, առավոտյան ժամը 08:46-ին ուղղվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի կողմն ու մխրճվում շենքի հարավային հատվածի մեջ: Հարվածի պահին ինքնաթիռում ընդհանուր առմամբ 81 ուղևոր կար:

Ընդամենը մի քանի րոպե անց՝ 09:03-ի սահմաններում, United Airlines ընկերության երկրորդ՝ 56 ուղևոր տեղափոխող Boeing 767 ինքնաթիռը հարվածում է առևտրային համալիրի երկրորդ երկնաքերին: Րոպեներ անց 93 և 99 հարկ ունեցող կառույցները հիմնահատակ փլուզվում են:

Այս ընթացքում United Airlines ավիաընկերության արդեն երրորդ՝ Boeing 757 ինքնաթիռն ուղղվում է երկրի կարևորագույն կառույցներից մեկի՝ Պենտագոնի կողմը: Նախորդ 2 հարվածներից ուշքի չեկած՝ աշխարհն իմանում է ահաբեկչական 3-րդ հարձակման մասին:

 

Ծրագրված 4-րդ ահաբեկչությունը չի հաջողվում ի կատար ածել: Ավելի ուշ պարզ է դառնում, որ ինքնաթիռի գրավումից հետո ուղևորներն ապստամբություն են իրականացրած եղել ու ձախողել են ահաբեկիչների ծրագիրը: Այդուհանդերձ, ինքնաթիռը կործանվել է Վաշինգտոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող դաշտավայրում: 37 ուղևոր զոհվել է:

 

Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչությունն ընդհանուր առմամբ խլում է 2977 մարդու կյանք՝ չհաշված ահաբեկիչներին: 24 մարդ անհետ կորում է: Զոհերի թվում եղել են աշխարհի 91 երկրների քաղաքացիներ:

 

Ամենամեծ թվով կորուստները գրանցվում են առևտրի կենտրոնի հյուսիսային մասնաշենքում: Հարվածից հետո այստեղ ահռելի հրդեհ է բռնկվում, ինչն անհնարին է դարձնում մարդկանց տարհանումը: 1.5 ժամից ավելի տևած հրդեհի հետևանքով 1366 զոհ է գրանցվում:

 

Եթե հարավային մասնաշենքին հարվածող ինքնաթիռը վնասել էր շենքի միայն վերին հատվածը, ապա այս դեպքում հարվածն ուղղվել էր շենքի գրեթե միջնամասին: Դրա հետևանքով կառույցի վերին հատվածն անջատվել էր հիմքից ու բացառել բարձր հարկերում գտնվողներին փրկելու հնարավորությունը: Իսկ ծխի մասշտաբը հնարավորություն չէր տվել նաև տարհանումն իրականացնել երկնաքերի տանիքից: 

Այստեղից միայն հատուկենտ մարդկանց է հաջողվում փրկել:

 

Հատկանշական է, որ զոհվածների թվում եղել են նաև փրկարարներ, իրավապահներ, բժիշկներ ու ահաբեկչության իրականացման վայրի մոտակայքում գտնված մարդիկ: Միայն ահաբեկչության հետևանքների վերացմանը մասնակցելու ժամանակ ավելի քան 400 մարդ է զոհվել:

Մարդկային կորուստներից բացի, ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների հասնող տնտեսական կորուստ է կրել:

 

Այս իրադարձություններից հետո ԱՄՆ իշխանություններն այդ երկրի պատմության ամենալայնածավալ հետաքննություն է նախաձեռնել

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարում են, որ ահաբեկչությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ուսամա Բեն Լադենի կողմից ղեկավարվող «Ալ- Քաիդա» խմբավորումը:

 

Այսօր արդեն կործանված երկու երկնաքերերի տեղում այդ արյունալի ահաբեկչության հիշատակի հուշարձան է կանգնած, որի վրա արձանագրված են զոհված անձանց անունները: Հուշարձանը կարծես հիշեցում է, որ, ցավոք, մարդկային նման կորուստներ կարող են լինել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև անգամ չպատերազմող երկրներում ու կոչ՝ անելու ամեն բան՝ նման դեպքերը հետագայում բացառելու համար:

 

 

Քաղաքականություն