Ամուլսարի մասին իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում. Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը վստահեցնում է, որ ինքն Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրները բարձրաձայնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին։

 

«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո անձամբ ինքն ինչ դիրքորոշում ունի, Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին:Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:

 

Նշենք, որ ԱԺ փոխնախագահը շտապեց հեռանալ՝ այդպես էլ չպատասխանելով խմբակցությունում առկա տարաձայնությունների և Ամուլսարի հանքի շահագործման ռիսկների մասին հարցերին։ Դիտարկմանը, որ նա բնապահպան-ակտիվիստ է եղել, նա միայն կարճ արձագանքեց՝ ասելով, որ արդեն իսկ պատասխանեց հարցերին։

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար իրավական հիմքեր չկան:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ