Թանդիլյանը՝ հետաքրքրվում է Տոնոյանից խոշոր գնումներ կատարելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում:

 

«ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից, վճարել է 48 հազար դրամ, նախորդ նստաշրջանին ԱԺ-ն վերածվել էր ցեմենտի, կլինկերի մասնագիտական խմբի: Մենք առաջարկում էինք կարգավորումներ, որ գինը կպահպանեին հնարավորինս ցածր: Դուք այս կազմակերպությունից կատարել եք գնում՝ ակնհայտ թանկ գնով, կառավարության տարբեր գերատեսչություններ այս նույն կազմակերպությունից պարբերաբար կատարում են գնումներ և շինարարական աշխատանքներ: Կազմակերպությունն ունի ընդամենը երկու աշխատակից: Դուք 2018-2019թթ. 150 մլն դրամի գնում եք կատարել»,- ասաց նա:

 

Թանդիլյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իրականացվել այս տեսակ գնում և ի՞նչ հիմնավորում ունի այս տեսակ ձեռքբերումը:

 

Տոնոյանը պատասխանեց, որ եթե հնարավորություն ունենա ստուգելու՝ միառժամանակ հետո կպատասխանի այդ հարցին, բայց եթե դա մեկ աղբյուրից գնում չի եղել, մրցութային կարգով է իրականացվել, չի կարծում՝ խնդիրներ են առաջանալու այդ դեպքում:

 

«Բացի դրանից, մենք մեծաքանակ ցեմենտ ենք ձեռք բերում տարվա կտրվածքով, բավական ժամանակ ունենում ենք հրատապ գնումների խնդիր»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հավելելով՝ արձագանքի համար իրեն ժամանակ է պետք՝ ստուգելու ասվածը:

 

Ամեն դեպքում, նախարարը խոստացավ հենց այսօր արձագանքել:

 

Քաղաքականություն

Պատահարներ