95 միլիոն դրամ Արդարադատության նախարարության աշխատակիցների պարգևատրման համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական բյուջեից 95 միլիոն դրամ հատկացնել Արդարադատության նախարարության աշխատակիցների պարգևատրման համար։

 

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ պարգևատրման նպատակով նախատեսված գումարը բավարար չէ բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար:

 

Նախարարությունը ընդգծել է, որ Արդարադատության նախարարության պարգաևատրումների համար այս տարի նախատեսվել է 225 միլիոն դրամ, այն դեպքում` երբ 2018 թվականին աշխատողների պարգևատրմանը ուղղվել է 331 միլիոն դրամ, 2017 թվականին` 333 միլիոն դրամ:

 

«Հանրային իշխանության մյուս մարմիններում նախորդ տարիների համեմատ 2019 թվականին նախատեսվել են լրացուցիչ գումարներ աշխատողների խրախուսման` պարգևատրման նպատակով: Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությանը պետական բյուջեից պարգևատրման նպատակով գումարներ չեն հատկացվել, նաև նվազեցվել են արտաբյուջետային միջոցների հաշվին պարգևատրմանն ուղղվող գումարները»,- հայտնել է նախարարությունը։

 

Արդարադատության նախարարությունը ընդգծել է նաև, որ աշխատողների պարգևատրումը կարևորագույն նշանակություն ունի նրանց նյութական մոտիվացման, սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրման տեսանկյունից, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում կոռուպցիոն ռիսկերի վերացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման գործում։

Քաղաքականություն

Պատահարներ