Այդպիսի վարքագիծ ակնհայտ է եղել. Գևորգ Բաղդասարյանը` Քոչարյանի գործի մասին

«Այնպես չէ, որ բողոքի քննարկում տեղի չունեցավ։ Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմից առանձին ներկայացուցիչներ հանդես են եկել դրա վերաբերյալ պատասխաններով»,- Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի քննության ավարտից հետո լրագրողներին ասաց Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե՝« ձեզ համար անսպասելի՞ էր, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, սակայն, ըստ էության, բողոքի քննություն չկայացավ»։

 

Դատախազի խոսքով, դատարանը պաշտպանության կողմի կոնկրետ վարքագծից որոշակի հետևություն անելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ։

Հարցին, թե համամի՞տ եք դատավորի այն դիրքորոշմանը հետ, որ պաշտպանության կողմը դատավարությունը ձգձգելու միտում ունի, դատախազ Բաղդասարյանն ասաց. «Մենք այդ կապակցությամբ մի քանի անգամ հայտարարությամբ ենք հանդես եկել նախորդ դատական նիստերին։ Այո, այդպիսի վարքագիծ  ակնհայտ է եղել։ Հայաստանի գլխավոր դատախազն էլ հայտարարեց, մեղադրանքի կողմն էլ տարբեր առթիներով հայտարարել ենք, որ նման միտումներ կան»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ եթե դատարանը մերժի ձեր՝ Ռ. Քոչարյանին նորից կալանավորելու միջնորդությունը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, Գ. Բաղդասարյանն ասաց. «Համապատասխան դատավարական ընթացքով դրա բողոքարկումը։ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բողոքարկվում են Վճռաբեկ դատարանում։ Դատական ակտը բողոքարկելու վերաբերյալ վերջնական դիրքրոշում կարելի է հայտնել  այդ դատական ակտին ծանոթանալուց հետո։ Չգիտենք՝ ինչ դատական ակտ է կայացվելու ինչ պատճառաբանություններով։ Մենք Վերաքննիչ դատարան ներկայացրել ենք փաստարկներ, և եթե դրանք չընդունվեն և մեզ որևէ մեկը հակառակը չհամոզի, միանշանակ բողոքարկվելու է»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ