Գործը բացահայտելը իմ լիազորությունների շրջանակում երբեք չի եղել. Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում խոսեցին նաև տուժողների իրավահաջորդները:

 

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և մեղադրեց նաև Ռոբերտ Քոչարյանին այդ դեպքերը չբացահայտելու համար:

 

Նույն իրադարձությունների ժամանակ զոհված սերժանտ Տիգրան Աբգարյանի մայրը ևս մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին` նշելով, որ իր որդին զոհվել է Լեոյի փողոցի վրա ծառայությունն իրականացնելիս, որտեղ ցուցարարներ չեն եղել, և իր որդին սպանվել է միայն այն բանի համար, որպեսզի հայտարարվի, որ զոհեր եղել են երկու կողմից:

 

Հնչած մեղադրանքներին արձագանքեց նաև Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ Լեոյի փողոցի վրա ցուցարարներ եղել են:

 

«Գործը բացահայտելը իմ լիազորությունների շրջանակում երբեք չի եղել, խառնվելու իրավունք էլ չեմ ունեցել: Ինձ համար սա վիրավորական է  նաև այն պատճառով, որ փաստաբանները աշխատում են այդ մարդանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությունն է,  որ ուղղակի սովորացնում են, ասում են` ասեք այն, ինչը հանրային առումով կարող է տպավորություն թողնել, որ մեղավորը ես եմ: Ինչ վերաբերում է տիկին Աբգարյանին, ակնհայտորեն, նա չի տիրապետում գործի նյութերին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 

Հիշեցնենք, որ նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որին մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդները առարկել են:


 

Քաղաքականություն

Պատահարներ