Հայրապետյանն ասաց`ասել եմ 2 միլիոն փող փոխանցեն ու էլ էս համարին չզանգես․ պատմում է մահացածի մայր․ ՀԺ

Մայիսի 23-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դեռ որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել:

Վթարի հետեւանքով մահացած Էրիկ Ավագյանի մայրը՝ Գյուլնարա Ավագյանը ահազանգել էր Հայկական Ժամանակի խմբագրություն եւ մտահոգություն հայտնել, որ որդու գործը փորձում են կոծկել:

 

 

Լրատվականը նշում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու արդյունքում վրաերթի էր ենթարկել պայմանագրային զինծառայող Գեւորգ Սարուխանյանին, ինչի հետեւանքով Սարուխանյանը մահացել էր: Սակայն մեքենան այնքան արագ էր սլացել, որ վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով ներսում գտնվող անձանցից Էրիկ Ավագյանը նույնպես մահացել էր: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ներսում եղել է Հայրապետյանի թիկնազորը, իսկ Էրիկ Ավագյանը, որի մայրը դիմել է մեզ, Հայրապետյանի Արցախի տանն է աշխատելիս եղել:

 

 

«Ես միայնակ մայր եմ, իմ տղան ե՛ւ աշխատել է, ե՛ւ սովորել: Երբ Ռուբեն Հայրապետյանը գալիս էր Արցախ, տղաս նրա մոտ էր աշխատում: Հայրապետյանը վատ չէր վարձատրում տղայիս, իմ երեխային շատ էին սիրում: 2 տարի է՝ տղայիս ասում էի՝ դուրս արի այդտեղի աշխատանքից, ասում էր՝ մամա, չի ստացվում, ուզում ես մի օր ճանապարհին ինձ սպանե՞ն, թե քեզ մի վնաս տան: Վերջին օրն էլ, որ պետք է ինքը գնար, բացարձակ չէր ցանկանում: Ես այսօր տան եղածը վաճառում եմ, որ կարողանամ տղայիս գերեզմանը սարքել»,- լրատվամիջոցի հետ զրույցում վրդովված ասաց Ավագյանի մայրը:

 

Ավագյանի խոսքով՝ գործը փորձ է արվում կոծկվել. «Գնացի քննիչի մոտ, ասում եմ՝ ինչո՞ւ դեռ վարորդը նստած չի, ասում է՝ դեռ ապացուցված չի, որ ինքն է մեղավոր: Ասում եմ՝ բա ո՞վ է մեղավոր, ինչի դուք չե՞ք տեսել, որ 200-ից ավելի արագություն են բացել: 100 տոկոս փորձում են գործը կոծկել: Ես քննիչին ասում եմ՝ ինձ փաստաթղթեր ցույց տվեք, ասում է՝ ինձ մոտ չի, ասում եմ՝ դատ լինելո՞ւ է, ասում է՝ այո, բայց երբ կլինի, չեմ կարող ասել: Երեխայիս ժամացույցը կորել է, նրա հասարակ մատանին կորել է, Ղարաբաղի հեռախոսը կորել է: Ես կորցնելու բան չունեմ, ես գիտեմ, որ վաղը իմ գլխին ամեն ինչ կարող է գալ, ես իրենցից արդեն ամեն ինչ սպասում եմ»:

 

Հայկական ժամանակի հարցին՝ Հայրապետյանը ֆինանսական աջակցություն չի՞ առաջարկել, Գյուլնարա Ավագյանը պատասխանեց. «Ոչ մի բան, միայն թաղում են արել՝ մինչեւ քառասունքը: Դրանից հետո մարդ են ուղարկել, որ գան գերեզմանը նայեն, տեսնեն ինչ է, որ սարքեն: Որոշ ժամանակ անցնում է, զանգահարում եմ Հայրապետյանին, ասում եմ՝ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չեք սարքում, հեսա նոյեմբերին տղայիս ծնունդն է, ու նա ինձ ասում է՝ ես ասել եմ 2 միլիոն փող փոխանցեն եւ այլեւս այստեղ չզանգես: Ինչի ես ողորմությո՞ւն եմ ձեզնից ուզում: Ես էլ մինչեւ այդ արդեն փոքրիկ կուբիկներով սարքել էի տղայիս գերեզմանը: Էդ մարդիկ, որ եկել էին գերեզմանը նայելու, ինձ ասացին՝ Հայրապետյանն ասել է՝ դրա փողն էլ կտաք: Ասացի էդ փողն ինձ պետք չի, երեխաս պիտի նշանվեր, ես այդ փողն եմ տվել: Միայն գերեզմանը սարքեք: Ես հիվանդ մայր ունեմ, մեկ էլ ես եմ, ինձ ուրիշ բան պետք չի: Ես վերջերս զանգեցի Հայրապետյանի թիկնազորից Հայկ Ադոնցին, ասացի՝ Էրիկի մայրն է, ասաց ես ղեկին եմ ու մինչեւ այսօր իմ զանգերին չի պատասխանում: Ես բան չէի ուզում, ընդամենը ուզում է իմանալ վերջին վայրկյաններին իմ տղան ի՞նչ է խոսել»:

 

Ավագյանը նշել է, որ Հայրապետյանի նշած 2 միլիոնը չի փոխանցվել։ 

 

ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Հարցին՝ ճի՞շտ է, որ ինքը Էրիկ Ավագյանի մորն ասել է՝ «2 միլիոն կփոխանցեմ, էլ էս համարին չզանգեք», Հայրապետյանը պատասխանեց. «Ստախոսի մեկն է: Ինչ պետք է՝ ես իրենց համար արել եմ, այդ ավտովթարի հետ էլ ես որեւէ կապ չունեմ, իմ մեքենան չի եղել: Ես իրեն ասել եմ, որ պատրաստ եմ գերեզմանը սարքելու համար եւս 2 միլիոն դրամ տալ ձեզ: Կարող է պատահի ինքը պալատ է ուզում սարքել, ես ի՞նչ անեմ: Որ ինքը կրեդիտ է վերցրել 10 տարի առաջ, ասում է՝ պիտի սա փակեք, ես ի՞նչ անեմ»:

Քաղաքականություն

Պատահարներ