Մինչև այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողների սպանության վերաբերյալ հարցը. Հայկ Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ  շարունակվում է  «Մարտի 1»-ի   գործով  սահմանադրական կարգ տապալելու  մեջ մեղադրվող  ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի , ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի , նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանի  և Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի  գործի քննությունը:

 

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը դատարանի հարցերին պատասխանեց ռուսերենով։ Նա հայտարարեց, որ հայերենին տիրապետում է, սակայն բանավոր խոսքում հնարավոր է՝ սխալներ թույլ տա, դրա համար խոսում է ռուսերենով։ Նշենք, որ նրա համար թարգմանիչ է հրավիրվել դատարան: Խաչատուրովը հայտնեց, որ բնակվում է Ազատության պողոտայում, ազատորեն տիրապետում է ռուսաց գրավոր և բանավոր լեզվին, իսկ մեղադրական եզրակացությունը ստացել է երեք ամիս առաջ։

 

Արմեն Գևորգյանը նշեց, որ աշխատում է և ծանոթացել է մեղադրական եզրակացությանը:

 

Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դահլիճի ապակեպատ սրահում, որտեղ դժվարությամբ է լսելի դատավարության կողմերի ձայնը:

 

Նիստի ընթացքում դատարանը քննարկեց տուժողների իրավաջորդներին ու. ներկայացուցիչներին գործում ներգրավվելու հարցը և փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Արա Ղարագյոզյանին ներգրավվեց որպես ներկայացուցիչներ:

 

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են Մարտի 1-ի բուն գործով տուժողներն ու նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները ներգրավվում 2008-ին սահմանադրական կարգ տապալելու, կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով քննվող քրեական գործում:

 

«Խորապես վշտակցում եմ բոլորին, բայց պետք է ընդգծեմ մեկ բան. մինչև այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողների սպանության վերաբերյալ հարցը: Այս գործը քննվում է, ինչպես բոլորիս հայտնի է 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապակում) և այս գործով չկա մարդ, որը ավելի շատ տուժող է սահմանադրական կարգի տապալման, քան՝ Հայաստանի Հանրապետության 3 միլիոն բնակիչ: Կամ այդ տրամաբանությամբ 3 միլիոն բնակիչ պետք է այստեղ բերել, կամ այստեղ տուժող չպետք է լինի»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

 

Քաղաքականություն