Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին:  

Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարեւոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետեւ միայն այդպես կարող ես ստեղծել նորը: 

 

Այսօր վարչական շրջանում կան դեռեւս շատ անելիքներ, որոնք, վստահ եմ, կկարողանանք միասին իրագործել»: 

Քաղաքապետը  հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է եւ քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին: 

 

«Համայնքային աշխատանքը ամենածանր եւ դժվար գործերից է: Վստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը: Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ եւ կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:

 

Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաեւ մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին:

Վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վաղարշակ Մկրտչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2015 թվականի վերջում: 

Քաղաքականություն

Պատահարներ