Տղամարդը մետաղյա ձողով հարվածներ է հասցրել համագյուղացու դեմքին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է համագյուղացուն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ 2019 թվականի օգոստոսի 09-ին` ժամը 08-ի սահմաններում, Լոռու մարզի Ապավեն գյուղի հարակից դաշտավայրում խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու վայրի շուրջ վիճաբանություն է ծագել համագյուղացիների միջև, որի ժամանակ նրանցից մեկը՝ ծնված 1976թ., բութ, կոշտ առարկայով՝ մետաղյա ձողով, հարվածներ է հասցրել համագյուղացու դեմքի աջ ու ձախ շրջաններին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 43-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Քաղաքականություն

Պատահարներ