Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում. կատակում է վարչապետը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր Կառավարության նիստում՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ կոչ արեց հանրային սննդի հաստատություններին՝ կամավոր կերպով որդեգրել առանց ծխի տարածքների քաղաքականությունն իրենց ռեստորաններում։ 

 

«Մենք հիմա ունենք նման ռեստորաններ, որոնք եկամուտների առումով ոչ մի խնդիր չունեն, հակառակը, երբեմն նստելու տեղ չեն ունենում»,- ասաց նախարարը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ պետք է տալ բիզնեսին, ինչը օրենքի նախագծով սահմանվում է։ Նա նշեց, որ այս կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցող կառավարությունն է։

 

«Կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում։ Եւ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, իրավապահ բլոկում չգիտենք ինչ վիճակ է։ Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում։ Կարծում եմ՝ սա  էլ կարեւոր ցուցանիշ է, եւ ով, եթե ոչ մեր կառավարությունը նման որոշում պետք է ընդունի։ Ի դեպ, արձանագրենք, որ մեծամասնությունը ծխող են եղել։ Ես ինքս ծխել եմ երկար տարիներ եւ ի վերջո թողել եմ ծխելը»,- ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ