Ճապոնիայում 100-ամյակը բոլորած անձանց թիվը գերազանցել է 70 հազարը

Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ 100-ամյակը լրացած անձանց թիվը գերազանցել է 70 հազարը: Հարյուրից բարձր տարիք ունեցող անձանց ճնշող մեծամասնությունը կանայք են, հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Տարեցների պետական տոնին ընդառաջ:

 

Ճապոնիայում 100-ամյակը լրացած անձանց թիվը 71 հազարից բարձր է. նրանցից 8463-ը տղամարդ են, իսկ 62,7 հազարը` կին, ինչը կազմում է ամբողջ թվի 88 տոկոսը, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով գերատեսչությանը:

 

Հետաքրքրական է, որ 100-ամյակի շեմը հատած անձանց թիվը երկրում մեկ տարվա ընթացքում ավելացել է 1453-ով: Վերջին 49 տարվա ընցացքում ռեկորդն ամեն տարի թարմացվում է: Երբ 1963 թվականին սկսվեց այս թեմայով հետազոտությունը,  Ճապոնիայում 100-ամյակը բոլորած միայն 153 անձ կար: Միայն վերջին 30 տարվա ընթացքում 100-ից բարձր տարիք ունեցող անձանց թիվն ավելացել է 23 անգամ:

 

Երկրի առողջապահության և բարեկեցության նախարարությունը կարծում է, որ պատճառը բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում տեխնոլոգիական առաջընթացն է, ինչպես նաև առողջության պահպանման հանդեպ ցուցաբերված առավել մեծ ուշադրությունը: Իշխանությունները խոստանում են ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի տարեցները կարողանան առողջ և լիարժեք կենսակերպ վարել:

Քաղաքականություն