Չալյանը շարունակում է հաղթարշավը

Ըմբիշ Կարապետ Չալյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում երրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

 

Հայ ըմբիշի համար գոտեմարտը քառորդ եզրափակիչում շատ դրամատիկ ընթացք ունեցավ: Նախ մրցավարը մեկ միավոր շնորհեց մրցակցին՝ բելառուս Պավել Լյախին, ապա Չալյանը կարողացավ վաստակել երկուսը: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը վաստակեց ևս երեք միավոր, ու կարծես թե հաղթանակն ապահովված էր: Բայց բելառուս ըմբիշն ակտիվացավ ու մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահեց բոլորին: Լյախը հետ բերեց միայն երկու միավոր, հետևաբար Կարապետ Չալյանը հաղթանակի հասավ 5:4 հաշվով:

 

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը շվեդ Ալեքս Բյուրբերգն է լինելու, որը քառորդ եզրափակիչում տպավորիչ հաղթանակի հասավ իրանցի Մոհամադալի Գեռաեի նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Չալյանը դժվարին գոտեմարտում 4:2 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Շոհեի Յաբիկուի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում արդեն բացահայտ առավելությամբ՝ 9:0 հաշվով, պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոսային:

 

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

 

Քաղաքականություն

Պատահարներ