Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը (77կգ) չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել աշխարհի 2019թ. առաջնությունում: Քիչ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող մրցաշարի բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց իրանցի Մոհամադալի Գերաեին: Զիջեց 6-9:

 

Երեկ պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին: 1/8 եզրափակչում առավելության էր հասել վենեսուելացի Խեսուս Էսպինոսայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում պայքարից դուրս էր թողել Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախին՝ նաեւ Հայաստանի համար 77 կգ քաշային կարգում Տոկիո 2020-ի ուղեգիր ապահովելով: Կիսաեզրափակչում պարտվեց շվեդ Ալեքս Բյուրբերգին:

 

Այսպիսով՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադառնում է 1 բրոնզով ու 1 արծաթով: Բրոնզը նվաճել է Սլավիկ Գալստյանը (63կգ): Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ արծաթեմեդալակիր է դարձել: Ինչպես հայտնի է, նա եզրափակչին չմասնակցեց կողոսկրի վնասվածքի պատճառով ու բավարարվեց 2-րդ տեղով:

 

 Նրա մրցակցին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին, բաժին հասավ ոսկին:

 

ՀՀ հունահռոմեականները մցրավայր էին մեկնել 9 հոգով: Բացի Ալեքսանյանից, Չալյանից ու Գալստյանից՝ թիմում էին նաեւ Նորայր Հախոյանը (55կգ), Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Կարեն Ասլանյանը (66կգ), Մալխաս Ամոյանը (72կգ), Մաքսիմ Մանուկյանը (82կգ), Աթուր Շահինյանը (87կգ): Նրանք պայքարից դուրս մնացին տարբեր փուլերում:

 

Վաղը պայքարի մեջ կմտնեն հայ ազատոճայինները: Աշխարհի առաջնությունում ՀՀ-ն ներկայացնելու է 6 ազատոճային: Նրանք են Արսեն Հարությունյանը (57կգ), Վազգեն Թեւանյանը (65կգ), Վարուժան Կաջոյանը (74կգ), Գրիգոր Գրիգորյանը (79կգ), Հովհաննես Մխիթարյանը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ):

 

Աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Կավարտվի 22-ին:

 

Քաղաքականություն

Պատահարներ