Դատարանը թույլ տվեց Օհանյանին մեկնել Գերմանիա բուժվելու

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը այսօր նիստը դատարանին միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին առողջական խնդիրների պատճառով 2 շաբաթ ժամկետով մեկնել Գերմանիա բուժման։

Փաստաբանը նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրեց համապատասխան հրավերը և դրա հայերեն թարգմանությունը։

«Պարոն Օհանյանը հոկտեմբերի 21-ին առավոտյանը ժամը 9։30-ին պետք է գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հիվանդության հետ, գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա։ Պարոն Օհանյանը 2 տարին մեկ անցնում է համապատասխան պարտադիր զննության ու այդ պատճառով հենց բժշկական կենտրոնն է նրան հրավիրում», - դիմելով դատարանին ասաց փաստաբանը՝ ներկայացնելով պրոթեզի տեխնիկական անձնագիրը։

Օհանյանի մյուս փաստաբան Կարեն Մեժլումյանը նկատեց, որ պրոթեզը մասնագետները զննում են և երկու տարին մեկ որոշ դետալներ փոխելու անհրաժեշտություն է առաջանում։

Մյուս ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները չառարկեցին ներկայացված միջնորդությանը։ «Ուղղակի ամոթ է, որ այդ հարցը դեռ քննարկվում է», - նկատեց Քոչարյանը։

Մեղադրող դատախազները ևս սկզբունքային առարկություն չներկայացրին, որ Սեյրան Օհանյանը մեկնի Գերմանիա ու բուժում ստանա, բայց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը  նկատեց, որ դատարանը պետք է երաշխիքներ ստանա, որ Օհանյանը կվերադառնա։

«Առաջարկում ենք այլ խափանման միջոց ընտրել, որ մենք և դատարանը ունենա երաշխիքներ, որ Սեյրան Օհանյանը սահմանված ժամկետում կվերադառնա», - նշեց դատախազը։
 

 Սերյան Օհանյանը իր հերթին նկատեց, որ բժիշկները մեկ-երկու շաբաթ աշխատելու են խնդրի վերացման վրա և երբ ավարտեն այդ ժամանակ կվերադառնա Հայաստան։

«Ընդհանուր 15 օր է այդ աշխատանքների համար, բայց ինչքան շուտ լինի, այնքան շուտ կվերադառնամ։ Կարծում եմ՝ մտահոգություններն անտեղի են։ Իմ կողմից հավաստիացումները 100 տոկոսից ավել են, որ ես կվերադառնամ։ Իմ ընտանիքը մնում է այստեղ, ու ես վերադառնալու եմ։ Ո՞ւմ գնամ, խնդրեմ, որ ինձ երաշխավորի, թող դատարանը երաշխավորի», - ասաց Սեյրան Օհանյանը։

Կողմերին լսելուց հետո դատավոր Դանիբեկյանը որոշեց բավարարել փաստաբանների միջնորդությունը և թույլ տալ Սեյրան Օհանյանին բուժման նպատակով մեկնել Գերմանիա ՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։

Նկատենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, ինչը նշանակում էր, որ Օհանյանը միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ կարող էր մեկնել ՀՀ-ից։

 

Քաղաքականություն