Երևանի ակումբներից մեկում շվեդ երիտասարդներին սպառնալով՝ խոշոր չափի գումար են խլել. «Հետք»

Շվեդիայի Թագավորության քաղաքացի Սեսիլյա Կլարկը «Հետք»-ին պատմել է իր որդիների մասնակցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող «Էներջի» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին: 

 

Տիկին Կլարկի խոսքով՝ երեք շվեդ երիտասարդներ (18-19 տարեկան), որոնք իրենց հանգիստն անցկացրել են Հայաստանում, հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը գնացել են «Էներջի» ակումբ, պատվիրել են 4 գարեջուր, 3 կոկտեյլ և 4 շոթ: Երբ տղաները դուրս գալուց առաջ հաշիվն են խնդրել, նրանց բերել են 332 հազար դրամանոց կտրոն: Նրանք սկզբում մտածել են, թե այդ ամենը կատակ է, սակայն երբ հասկացել են, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է, հրաժարվել են վճարել գումարը՝ այն համարելով չափից շատ ուռճացված:

 

Դրանից հետո, ըստ Սեսիլյա Կլարկի, ակումբի անվտանգության աշխատակիցներն ու սեփականատերը տղաներին տարել են նկուղ և դանակի սպառնալիքով պահանջել, որպեսզի երիտասարդները իրենց մոտի ողջ գումարը թողնեն ակումբում, այլապես այդտեղից ողջ դուրս չեն գա: Տղաները ստիպված իրենց ողջ գումարը, որն ընդհանուր կազմել է 290 հազար դրամ, թողել են ակումբում և հեռացել: Սեսիլյա Կլարկի պատմելով՝ այդ ամբողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցը դռան մոտից լուռ հետևել է կատարվածին:

 

Դեպքի մասին երիտասարդների մայրը նաև նամակ է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ.

 

«Դուք իսկապես ցանկանու՞մ եք, որ ձեր երկրում և մայրաքաղաքում այդպիսի բաներ տեղի ունենան: Ես կարծում էի, որ դուք ամենահյուրընկալ երկրներից մեկն եք աշխարհում: Հույս ունեմ, որ կառավարությունը ջանքեր կգործադրի, որ «Էներջի» ակումբը փակվի, և մենք հույս ունենք, որ մեզնից ներողություն կխնդրեն ու կվերադարձնեն ամբողջ գումարը»,- իր նամակում գրել է Շվեդիայի Ուփսալա քաղաքի բնակչուհին:

«Հետք»-ի հետ զրույցում Սեսիլյա Կլարկը նշեց, թե տղաներին այդ ակումբ այցելելու խորհուրդը տվել է ինչ-որ դեռահաս տղա. «Ենթադրում եմ, որ նա էլ գումարի իր բաժինն ունի, որն աշխատում է ակումբը խաբված տուրիստների միջոցով»,- ասել է շվեդ կինը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ