Եվրոպական շենքերի 3D դիզայնը վստահում են հայ ուսանողներին

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում Նիդեռլանդներից նոր ներդրող է հայտնվել` 3D մոդելավորման Archidutch ընկերությունը։ Ընկերության հայկական գրասենյակի մենեջեր Սարգիս Հակոբջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն աշխատանքն սկսելուց մեկ տարի անց արդեն հավաքել է ավելի քան 20 աշխատակից, ընդ որում, ոչ թե Երևանում, այլ Վանաձոր քաղաքում։

 

«Մեր աշխատակիցներից շատերն ուսանողներ են, նրանք հասցնում են թե՛ սովորել, թե՛ աշխատել։ Եվրոպացի մասնագետները կարճաժամկետ դասընթացներ են անցկացրել նրանց համար, նրանք քննություն են հանձնել և սկսել աշխատել», – հավելեց Հակոբջանյանը։

 

Ներդրողների ներկայացուցիչներից մեկը` Նատաշա Միրզոյանցը ծնվել է Վանաձորում։ 13 տարեկանից ապրում է Նիդեռլանդներում։

 

«Մենք պատահական ենք հանդիպել նրան, բայց աշխատանքի նկատմամբ մոտեցումներում շատ ընդհանուր բաներ ունենք։ Այդ ժամանակ էլ ծնվեց նրա հայրենի Վանաձորում մասնաճյուղ բացելու գաղափարը։ Նա կարողացավ համոզել Նիդեռլանդների ղեկավարությանը, և մենք սկսեցինք աշխատել», – հավելեց նա։

 

Թվում էր` մասնագետներ գտնելը հեշտ չի լինի։ Վանաձորում արդեն հայտնվել են լավ ծրագրավորողներ, իսկ, ահա, 3D մոդելավորողներ գրեթե չկան. նրանք աշխատելու տեղ չունեն։

 

«Ծրագրավորողները նույնպես աշխատելու տեղ չունեին, բայց հետո, երբ հայտնվեցին ՏՏ ընկերություններն, այդ ժամանակ էլ ի հայտ եկան մասնագետները։ Վստահ եմ`  նույնը կլինի նաև այստեղ»,– հավելեց նա։


Այժմ ընկերության հայկական մասնաճյուղն արդեն պատվերներ է ընդունում Եվրոպայից` շինարարական և ճարտարապետական նախագծերում 3D մոդելավորում անելու համար։ Այստեղ կազմել են «ավելացված իրականության» հեռախոսային հավելվածը, որի օգնությամբ հեռախոսի էկրանից կարելի է շենքի վիրտուալ մակետը «տեղադրել սեղանին» և այն զննել տարբեր անկյուններով ու խոշորացմամբ։

 

Իսկ սեպտեմբերի վերջին հայկական գրասենյակը Երևանում շինարարության և ճարտարապետության մեջ 3D մոդելավորման հարցերով միջազգային համաժողով կանցկացնի։

 

Նշենք, որ նիդեռլանդցի ներդրողներին կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։ Այն կառավարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» ոչ կոմերցիոն հիմնադրամը։



 

Քաղաքականություն

Պատահարներ