Հաճելի է, որ անձամբ գնահատում եք տարիների ձեռքբերումները. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համահայկական կառույցի կողմից ընթացիկ ու իրականացված աշխատանքների խորապատկերում քննարկվել են կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հիմնադրամի նվիրատուների՝ ի դեմս ԱՄՆ-ում ապրող բարերարների ակտիվ մասնակցությունը հայկական երկրորդ պետության զարգացման ծրագրերին, հատկապես, տնտեսական, սոցիալական ու ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:

 

Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր Ձեր այստեղ գտնվելը հարստացնում ու հիմնավորում է տարիների ձեր նվիրումը՝ ուղղված Արցախում բազմաթիվ խնդիրների լուծմանը: Բավարար է նշել միայն համահայկական կառույցի միջոցով ջրամատակարարման, ճանապարհների, բնակարանային, դպրոցական ու նախակրթական հաստատությունների շինարարության տարիների հետ աճող ծավալները: Հաճելի է և կարևոր, որ գտնվելով հայկական երկրորդ պետությունում՝ անձամբ գնահատում եք տարիների ձեռքբերումները: Արցախում ապրող հողագործից ու սահմանը պահող զինվորից Ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն այդ հեռավորությունն ընդամենը տարածություն է, Դուք շարունակում ենք մնալ յուրաքանչյուրի կողքին»:

 

Հանդիպման ընթացքում պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է 5 տասնյակ բարերարներից կազմված պատվիրակության կողմից բարձրացած հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, ներդրումային քաղաքականությանը, սոցիալական ծրագրերին, վերաբնակեցման քաղաքականությանն ու երկրի կենսագործունեությանն առնչվող տարբեր հարցերի:

Քաղաքականություն

Պատահարներ