ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

 

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին։

 

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը վերահաստատել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը։ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը նաև մտքեր են փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը:

Քաղաքականություն

Պատահարներ