ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդ ինչքան պետք է ճղճիմ լինի, որ մտածի թե հայրս կարող է թաքնվել. Լևոն Քոչարյան

Վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո դժվար է ինչ-որ լավ սպասելիք ունենալը, բայց սպասելիքն այն է, որ գոնե գրավը կկիրառվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

 

«Շատ անհեթեթ է, եւ մարդ ինչքան պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, կարող է խուսափել կամ թաքնվել: Մեզ համար դա վիրավորական է: Ինձ թվում է՝ թե դատախազները, թե դատավորը, թե հանրության լայն զանգվածները վստահ են, որ այստեղ խուսափելու, թաքնվելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ 5 ամիս լինելով ազատության մեջ՝ ոչ խուսափել է, ոչ խոչընդոտել է: 

 

Մի բան էլ ինքն է եկել ներկայացել: Այս ամենը պարզ է, ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգելով տարիներով, գոնե այս ընթացքում պատժեն»,- ասաց Լեւոն Քոչարյան:

 

Նա տեղեկացրեց, որ այս պահին սառեցված են միայն Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի միջոցները. «Իմ հաշիվները սառեցված չեն այս պահին, մի ժամանակ սառեցված էին, հետո դատարանով վերացրեցին»:

 

Հարցին, թե ինչ են անելու Քոչարյանի աջակիցները, եթե այսօր նրան ազատ չարձակեն, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է լինում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա»:

 

Նա ընդգծեց, որ եթե կոնկրետ գործը մտել է դատարան, իրավունք չունեն խափանման միջոց ընտրել՝ հաշվի առնելով ուրիշ քրեական գործ:

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, նա ասաց. «Չափազանց պարզ է, թե այդտեղ ինչ է կատարվում:

 

 Այն դատավորները, այն կառույցները, որոնք 100 տոկոսանոց ներկա իշխանության ենթակայության տակ չեն, ուզում են նրանցից ձերբազատվեն եւ դա մեծ մասամբ մեր գործի հետ է կապված: Դուք գիտեք, թե ՍԴ-ի դեմ ճնշումները ինչից հետո եղան: Ասում են՝ իրենք նախկին են, իսկ գլխավոր դատախազը նախկին չէ՞»:

 

Հիշեցնենք, որ այսօր կհրապարակվի  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել, կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց:

 

Նշենք, որ դատարան է եկել նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, այս գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը: Դատարանի շենքի մոտ են Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանության աջակիցները: Այստեղ է նաեւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

 

Տեսանյութը  news.am-ի:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ