Թուրքիայի ուժայինները 2019-ին շուրջ 12 հազար գործողություն են իրականացրել քրդերի դեմ

Թուրքիայի ուժային կառույցները 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում 12.382 մեծ ու փոքր գործողություններ են իրականացրել երկրում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ermenihaber-ը: 

 

«23 լայնածավալ, 245 միջին չափի և 12.114 փոքրամասշտաբ գործողություն ենք իրականացրել այս տարվա գարուն-ամառ ժամանակահատվածում: Իրականացված գործողությունների թիվը 87%-ով ավել է նախորդ տարվա գործողություններից»,-մանրամասնել է Սոյլուն՝ տեղեկացնելով, որ սկսել են աշուն-ձմեռ գործողությունների շարքը:

 

Թուրք նախարարի տվյալներով՝ տարեսկզբից մինչ այսօր սպանվել է ՔԲԿ-ի 108 ղեկավար անդամ:

 

Սոյլուն տեղեկություններ է հաղորդել նաև ՔԲԿ-ի դեմ իրականացվող «Kıran» 4 փուլանոց գործողության մասին, որը սկսվել է օգոստոսի 17-ին և յուրաքանչյուր փուլն ընդգրկում է Թուրքիայի տարբեր շրջաններ (4-րդ փուլն իրականացվում է Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր ու Աղրը նահանգներում): Ըստ նախարարի՝ գործողության ընթացքում սպանվել է 63 քուրդ զինյալ և ոչնչացվել է վերջիններին կողմից օգտագործված 68 քարանձավ ու ապաստարան:

Քաղաքականություն

Պատահարներ