Չսովորեցնենք խորհրդարանին՝ ինչպես է պետք աշխատել. Միրզոյանը` Թորոսյանին

Ազգային ժողովում այսօր՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարց հնչեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, որով առաջարկվում է Մաշկաբանության եւ սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանել՝ այդ պրոֆիլով հանրապետությունում միակը լինելու հիմնավորմամբ։ Այս նախագծին առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել։

 

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցի՝ նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին կառավարությունում ընթանում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթաց, պատրաստվում է մրցութային փաթեթ։ 

 

Միեւնույն ժամանակ նախարարը նշեց, որ արդեն չգիտի՝ այն կընդունվի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով խորհրդարանում տեղի ունեցող գործընթացը։ Արսեն Թորոսյանը խորհրդարանում կոչ արեց, որ նման նախագիծ առաջարկելուց առաջ առնվազն ինֆորմացիային տիրապետելու մակարդակով նախարարության հետ աշխատեն․

 

«Դրանով է պայմանավորված, որ կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեր հետ համագործակցել։ Սակայն սրան ի պատասխան՝ ստանում ենք հորդորներ, թե չսովորեցնենք խորհրդարանին՝ ինչպես է պետք աշխատել. մենք փորձում ենք կառուցողական հուն տանել այդ ամենին, որովհետեւ, երբ որ ինֆորմացիան հասանելի է լինում, միգուցե նախագծերը չծնվեն»,- ասաց նա:

 

Նախարարը նաեւ ասաց, որ մասնավորեցման ցանկից հանելը ենթադրելու է վերադարձ նախարարության ուղիղ ենթակայություն, այսինքն՝ նախարարը պետք է լինի հիվանդանոցի տնօրեն նշանակողը, հաստիքացուցակը կազմողը, ըստ այդմ՝ հաշվի չի առնվում նախարարի կարծիքը։

Արսեն Թորոսյանը պնդեց՝  դեմ են կենտրոնը մասնավորեցումից հանելուն, բայց եթե Ազգային ժողովը հարկ համարի, որ այդ կենտրոնը պետք է կառավարեմ ես, ես կանեմ շատ բարձր մակարդակով:

 

Արսեն Թորոսյանի ելույթից հետո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կոշտ արձագանքեց՝ դիմելով նախարարին.

 

«Ի գիտություն, պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել են ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել, եւ դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս անհրաժեշտ կոռեկտության սահամնները չպահելու համար, խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- ասաց Միրզոյանը:

 

Նշենք, որ այսօր ԱԺ-ում Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոշտ դիտարկում արեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին, որն իր եզրափակիչ ելույթում նշել էր, որ մարդիկ, որոնք ունեն պետության կողմից երաշխավորված բուժօգնության կարիք, այդ բուժօգնությունը կստանան՝ անկախ կազմակերպությունների մասնավոր կամ պետական լինելուց:

 

Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորների՝ ներդրումներին կամ գույքի հողատարածքի գնին վերաբերող հարցերին, ասել էր, որ այդ հարցերի պատասխանները պետական գույքի կառավարման կոմիտեում են: «Մինչ այս նախագծի շրջանառումը սկսելը, պետք էր պետական գույքի կոմիտեի հետ շփվել եւ հասկանալ՝ բոլոր այն գնահատումները հողի գնի եւ մրցույթների պայմանների մասով բավարարո՞ւմ են մտահոգություն հայտնած մեր գործընկերներին, թե՞ ոչ»,- ասել էր նա:

 

ԱԺ նախագահը փոխնախարարի այս պատասխանից հետո արձագանքել էր․

 

«Պարո՛ն փոխնախարար, ես հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ կառաջարկեի քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել. թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի, թե ոնց աշխատի»:

 

Քաղաքականություն

Պատահարներ