Գիշերօթիկ հաստատություններից երեխաները ընտանիք կվերադարձվեն

Գիշերօթիկ հաստատություններում գտնվող այն երեխաները, որոնց վերադարձը ռիսկային չի համարվում, կվերադառնան ընտանիք: 

 

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

 

«Գիշերօթիկների լուծարումը շարունակությունն է այն ծրագրի, որը վաղուց է նախաձեռնվել, և սա կառավարության քաղաքականության մաս է կազմում՝ երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու, ընտանիքում նրանց ապրելու իրավունքն իրացնելու նպատակով: 

 

Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մշակվել են անհատական աջակցման ծրագրեր, և այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ընտանիքում նրանց ապրելու իրավունքին, պետք է վերացվեն այս կազմակերպությունների միջոցով, ինչը նշանակում է նյութական աջակցություն, կենցաղային պայմանների բարելավում: Ընտանիք կվերադառնան այն երեխաները, որոնց վերադարձը հնարավոր է, այսինքն՝ ռիսկային չեն համարվում»,- ասել է Բաթոյանը:

 

Նախարարը նշել է, որ այն երեխաների համար, որոնց վերադարձը ընտանիք հնարավոր չի լինի, Գյումրիում, Կապանում և Երևանում կստեղծվեն ճգնաժամային կենտրոններ:

 

Անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցների գործազրկության խնդրին, Բաթոյանը նշել է, որ Զբաղվածության պետական գործակալությունը զբաղվում է այդ հարցով:

 

«Աշխատակիցների անհատական կարիքների գնահատում է իրականացվում, որպեսզի նրանց այլ աշխատանքի տեղավորման հարցերը կարողանանք ապահովել: Այս հարցը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ