Սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ. Անժելա Թովմասյանը «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին

Ես վստահ եմ, որ սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը` անդրադառնալով քիչ առաջ ակումբի վրա կատարված հարձակմանը:

Անժելա Թովմասյանի խոսքով` սա լրատվամիջոցին ճնշելու պարզ փորձ էր, որ սկսվել է օրեր առաջ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ Hayeli.am-ում եղած հրապարակումից հետո: «Դրանից հետո վայնասուն և թիրախավորում եղավ անձամբ իմ նկատմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով հրապարակմանը, որի պատճառով, ըստ ակումբը պաշարածների, եղել է հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. «Հեղինակն արագ կարձագանքի: Նման կարգի բազմաթիվ հրապարակումներ են եղել: Խորհուրդ կտամ` ընդհանրապես գնան, հետևեն իրենց թիմի առաջնորդի, առաջին դեմքի հայտարարություններին, հատկապես` Արցախի մասին անպատասխանատու հայտարարություններին»:

 

Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ 

 

Հարցին` հավանական համարո՞ւմ է, որ հարձակումը կարող է պայմանավորված լինել եղբոր` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անձով, Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ դեպքը կապված է նաև եղբորս հետ»:

 

Քաղաքականություն

Պատահարներ