Նման բացում նրանք իրենց 40 տարվա պատմության մեջ չեն ունեցել. WCIT-2019 կազմակերպչական կոմիտեի նախագահ

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հաջողված է համարում համաժողովի առաջին օրը: Այս մասին Եսայանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

 

«Թե՛ երկիր ժամանած մարդկանցից, թե՛ հյուրերից, թե՛ մասնակիցներից լսում եմ, որ շատ մեծ ոգևորություն կա, և բոլորն առնվազն մոտենում, և ասում են, որ գալիս էին, սպասում էին, որ համաժողովը պետք է լավը լինի, բայց երբեք չէին պատկերացնում, որ հնարավոր է՝ նման համաժողով լինի: Անձամբ իմ տպավորությունը շատ դրական է: Ինձ թվում է, որ մեզ հաջողվել է անել այն, ինչը որ փորձում էինք ստանալ»,- ասաց Եսայանը:

 

WCIT-2019 կազմակերպչական կոմիտեի նախագահը նշեց, որ միջոցառման մշակութային բացման արարողությունն ու պանելային քննարկումները տպավորել են հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքին:

 

«Բացմանը նշվեց, որ նման բացում նրանք իրենց 40 տարվա պատմության մեջ չեն ունեցել, ինչը շատ ոգևորիչ էր մեզ համար: Գիտեք, թե ինչ երկրներում է անցկացվել WCIT-ը, և մարդիկ հիացած են հենց մեր բացման արարողությունից: Ինչ վերաբերում է քննարկումներին, նույնպես շատ դրական արձագանքներ ենք ստանում»,- նշեց նա:

 

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին ևս համաժողովի շրջանակներում հետաքրքիր քննարկումներ են սպասվում:

Քաղաքականություն

Պատահարներ