Հոգևորականի, ուսուցչի, ազատամարտիկի կոչման հետևում երբեմն թաքնված է թալանելը. Փաշինյան

Պե՞տք է անդրադառնանք բոլոր խնդիրներին, թե պետք է ասենք՝ եթե ազատամարտիկ ես, վերջ եթե «կոռչկան» ունես ուրեմն քո հետ կապված հարց չկա, եթե հոգեւորական ես՝ ուրեմն «կոռչկան» ունես, քղամիդը հագել ես, ուրեմն քեզ հետ կապված հարց չկա, եթե ուսուցիչ, ապա՝ սրբության սրբոց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ թաքնվում են կոչումի հետեւում եւ ստանում անձեռնմխելիություն. «Այսինքն՝ ազատամարտիկ բարձր է հնչում, ոչ մեկ չի կարող կասկածել, բայց մենք ունենք երեւույթներ, երբ ազատամարտիկ կոչման հետեւում լինելը նշանակում է թալանելու, նվաստացնելու, օրենքից վեր լինելու իրավունք, եւ նույնն էլ հոգեւորական կոչումի հետեւում, այսինքն՝ կոչումն ուրիշ է, իրականությունը՝ ուրիշ»։

 

Փաշինյանն ասաց, որ այսօր երկրում կա վիճակագրական եւ բովանդակային իրողություն։ Վիճակագրական իրողությունն այն է, որ այսօր մոտ 10 հազարից ավելի մարդ է աշխատում հանրակրթության ոլորտում, եւ կա իրողություն, երբ ուսուցիչ կոչումից այն կողմ թաքնվում են ոչ բավարար մասնագիտական գիտելիքներ ունեցողներ։

 

Վարչապետը իր ուսանողական տարիներից պատմեց մի դեպք. «Եվ դասախոս կոչման ներքո նաեւ։ Ես հիշում եմ՝ ԵՊՀ-ում սովորում էի, դասախոսը մտավ լսարան, ասում էր, որ աշխարհագրության մասին իր պատկերացումը հետեւյալն է, որ սկզբից Նախիջեւանն է գալիս, հետո՝ Իջեւանը։ 

 

 

Ինքը դասախոս էր, ուներ գիտական կոչում։ Պե՞տք է անդրադառնանք, թե պետք է ասենք՝ ազատամարտիկ, վերջ եթե «կոռչկան» ունես ուրեմն քո հետ կապված հարց չկա, եթե հոգեւորական ուրեմն «կոռչկան» ունես քղամիդը հագել ես ուրեմն քեզ հետ կապված հարց չկա, եթե ուսուցիչ, ապա՝ սրբության սրբոց։ Կոչո՞ւմն է սրբության սրբոցը։ Այդպես որ լինի, նախարարն էլ պիտի ասի՝ ես էլ նախարար եմ, բա մի 5 հարկանի տուն չունենա՞մ։

 

 Ես վարչապետի կոչմանն էլ եմ այդպես վերաբերում, եթե մենք սկսել ենք մեզնից, ապա պետք է շարունակենք։ Գիլդիայի մակարդակն ինչքանո՞վ է համապատասխանում մեր այսօրվա պահանջներին, մենք գնալու ենք ու այս հարցերը տալու ենք, եւ լինելու են ցույցեր, լինելու են բողոքի ակցիաներ։ Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում դոկտորական դիսերտացիաներին, ում մոտենում ենք պարզվում է կեսը կեղծ է։ Ես տարբերակ չեմ տեսնում, որ առանց անդրադառնալու սրան, մենք Հայաստանում կարող ենք կրթության ոլորտում հարց լուծենք»։

 

Փաշինյանն ասաց, որ անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա. «Հեղափոխության շրջանում շատերը, որ ասում էին՝ աշակերտները դուրս են եկել փողոց։ Ես հույս ունեմ, որ բոլորդ համոզված եք, որ դրան ուղղված ոչ մի գործողություն չենք արել, թերեւս միայն այն պարագայում, երբ տեսել ենք, որ դռները փակել են, եւ երեխեքին չեն թողնում՝ շենքից դուրս գան։ Բայց դա ի՞նչ է, դա բողոք է կրթական համակարգի նկատմամբ։ Դա աշակերտների բունտն էր դպրոցների նկատմամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ