Քարդաշյանները գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետև նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրել է թանգարանային ցուցադրությունը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրել է իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» հատորը և ՀՑԹԻ այլ հրատարակություններ: Այցի ավարտին Քարդաշյանները գրառում են  կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավելի վաղ` լրագրողների հետ հանդիպմանը, Քիմ Քարդաշյանը նշել էր, որ Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ