«Ժողովուրդ». Հայկ Մարությանը որոշում կայացնելիս շրջանցել է վերադասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Եվ ենթադրվում էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչև «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ քաղաքապետ Մարությանը, փաստորեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը` շրջանցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

 

Օրաթերթը, դիմելով քաղաքապետարանին, հետաքրքրվեց՝ քննարկվել է արդյոք նախարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած փաստաթուղթը լուծելու մասին որոշումը, թե ոչ։ Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնում են, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծելու որոշումները պետք է քննարկեր նախարարության հետ: Եվ նույն սկզբունքով էլ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումներ չեն արել «Սանիթեքի» հետ աղբահանության և սանմաքրման պայմանագրերը կնքելիս: Ավելի պարզ ասած` քաղաքային իշխանությունն ասում է` ամենևին էլ պարտավոր չէին խնդիրը նախարարության հետ քննարկել:

 

Բայց օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չեն ողջունում քաղաքապետի մենիշխանությունն այս հարցում։ Այսինքն` Հայկ Մարությանը բեկումնային այս որոշումը կայացնելիս պարզապես շրջանցել է վերադասին:

 

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքականություն