Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների. ՆԱՏՕ-ն չի աջակցում Թուրքիային. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի աջակցում Թուրքիային Սիրիայում ռազմական գործողությունների հարցում, հետևաբար կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ լինել Անկարայի հետ, կա՛մ «միանալ ահաբեկիչներին», գրում է «Անադոլու» գործակալությունը:

 

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, և դաշինքի կանոնադրության մեջ կա 5-րդ հոդվածը, որը կոչ է անում արձագանքել անդամ երկրներից ցանկացածին, որը հարձակման վտանգի տակ է: Մենք գտնվում ենք ահաբեկչական հարձակման վտանգի տակ, և համաձայն 5-րդ հոդվածի՝ ՆԱՏՕ-ն պետք է մեզ հետ լինի: Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների: Կոնկրետ պատասխան դեռ չի եղել»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ եվրոպական երկրների առաջնորդներից նրանք, որոնց հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել վերջերս, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնվում են «ապատեղեկատվական ճնշումների տակ»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

 

Քաղաքականություն