Երևան-Գյումրի-Երևան գնացքներում նստում են «մեկ ոտքի» վրա

«Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել Երեւան-Գյումրի-Երեւան գնացքի ուղեւորներից, որ վերջին շրջանում դեպի Գյումրի ուղեւորահոսքի ավելացման հետեւանքով շատ հաճախ մարդիկ գնացքի մեջ նստում են, մեղմ ասած, «մեկ ոտքի» վրա:

 

Նկատենք, որ խոսքը շուրջ 2 ժամվա ճանապարհի մասին է, որն անցնելու համար մարդիկ վճարում են 2500 դրամ: Թեեւ մինչեւ 7 տարեկան երեխաները երթեւեկում են անվճար, սակայն օրերս գնացքի աշխատակիցը մի կնոջ խնդրել է 6-7 տարեկան երեխային գիրկը նստեցնել՝ մյուսներին տեղավորելու համար: Նշված կինը ստիպված տոմս է գնել երեխայի համար:

 

Նշենք, որ այս իրավիճակը առավել սրվում է հանգստյան օրերին, որովհետեւ այդ օրերին ավելի շատ են գնացքից օգտվողները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք հնարավոր չէ՞ վաճառել գնացքի տեղերին համապատասխան տոմսեր կամ գնացքի լրացուցիչ վագոն ավելացնել: Ի պատասխան՝ Գրձելյանը վստահեցրեց, որ վաճառվում է այնքան տոմս, որքան նստատեղ կա. «Տոմսերն ընդհանուր են, վաճառվում է 121 հատ տոմս՝ 2500 դրամ արժեքով: Եթե փաստեր լինի, մեզ համար էլ լավ կլինի պարզել դա»,- հավելեց նա: 

 

Մեզ ահազանգած քաղաքացիների տրամադրած լուսանկարը տեղադրում ենք ստորեւ. դրանցում երեւում է, որ 3 աթոռի վրա նստած է 4 հոգի:

 

Հիշեցնենք, որ դեպի Գյումրի այցելուների մեծ հոսք սկսվեց օգոստոսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում կատարած շրջայցից հետո: Տուրիստական շրջայց կատարելով Գյումրիի պատմական կենտրոնում՝ վարչապետն ուղիղ եթերում ցույց տվեց, թե պատմական ինչ ժառանգություն ունի Գյումրին եւ բոլորին հրավիրեց անպայման այցելել ու սեփական աչքով տեսնել այդ ամենը: Վերջերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ վարչապետի Գյումրի կատարած շրջայցից ու ուղիղ եթերից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում:


 

Քաղաքականություն