Ներկրված մեքենաները մաքսազերծելու համար չպետք է Գյումրի գնանք. ավտոներկրողները բողքում են

Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո ներկրողները ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում։ Նախորդ շաբաթ վերջիններս կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերացնել այդ արգելքը և թույլ տալ, որ վերասարքավորումն իրականացնեն Հայաստանում։

 

Aysor.am-ի հետ զրուցել է ավտոներկրող Դավիթ Գասպարյանը: Նա ասել է, որ իրենց կողմից արդեն նամակը հանձնված է կառավարությանը, սպասում են արձագանքի։

 

«Մինչ կառավարությունից կպատասխանեն նամակին, մեր ակցիաները շարունակական են լինելու։ Երեկ էլ ենք ակցիա իրականացրել՝ ավտոշուկայում։ Հիմնական պահանջն այն է, որ ներկրված մեքենաները մաքսազերծելու համար չպետք է Գյումրի գնանք։ Նոր կառուցվող մաքսատան շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, մաքսատանը դեռևս շինություն չկա, մեզ էլ ստիպում են, որ հին մաքսատուն գնանք, իսկ հին մաքսատունը հազիվ հասցնում է գյումրեցիներին սպասարկի, այնտեղ էլ են հերթեր»,- ասել է Դավիթ Գասպարյանը։

 

Աջ ղեկով մեքենաները Վրաստանում վերասարքավորելուց բացի այն, որ ֆինանսապես են տուժում, հիմա արդեն արհեստավորները մեքենաներ չեն ընդունում։

 

«Մինչև նոր տարի բոլորը զբաղված են, մեքենաների հոսքը շատ մեծ է։ Բացի այդ էլ, հիմա Վրաստանում խաբեբաներ են հայտնվել, որ ներկայանում են ղեկ վերասարքավորողներ, մեքենան վերցնում են, ասում՝ մեկ-երկու ամսից արդեն վերասարքավորած կվերադարձնենք, քանդում են մեքենան, զանգում, նորից են գումարներ պահանջում, ստիպված թանկ ենք վճարում։ Հիմնականում ադրբեջանցիներն են այդ գործով զբաղվում։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ մեքենան վերցրել են ու գողացել, քանդել, որպես պահեստամաս վաճառել։ Բարեբախտաբար, կարողացել ենք գտնել ու կանխել», - ասել է նա:

 

Ավտոներկրողները կառավարությունից ակնկալում են, որ իրենց նամակի պատասխանը շուտ կլինի՝ չսպասեն օրենքով սահմանված 45-օրյա ժամկետին։

 

Մանրամասները նյութի սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ