Գերմանիայում քրդերը բողոքի ակցիայի ժամանակ բախվել են թուրքերի հետ

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Գերն քաղաքում քրդերի բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով տուժել է առնվազն 5 մարդ, որոնցից երկուսը՝ թուրքերի հետ բախման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

 

Ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան, մասնակցել է մոտ 350 մարդ, որոնց մեծ մասը քրդեր են եղել: Երբ նրանք անցել են ակումբներից մեկի մոտով, ակումբի դեռևս անհայտ այցելուները ձեռքերի ժեստերով վիրավորել են ակցիայի մասնակիցներին, վերջիններս էլ, տրվելով սադրանքին, հարձակվել են նրանց վրա: Ակումբի երկու հաճախորդներ տուժել են, կոտրվել է ակումբի պատուհանը:

 

Ակցիայի մասնակիցները շարունակել են իրենց ճանապարհը, սակայն երբ անցել են թուրքական սրճարանի մոտով, ինչ-որ մեկը նրանց վրա շիշ է նետել:

 

«Այդ ամենին հաջորդել է շատ հուզական արձագանք: Ակցիայի մասնակիցներից շատերը հարձակվել են սրճարանի վրա, ինչի հետևանքով վնասվել է սրճարանի կահույքն ու ապակին: Սրճարանում գտնվող անձանցից առնվազն մեկը տուժել է: Վնասվածքներ է ստացել նաև ոստիկանության մեկ աշխատակից, որը փորձել է հանդարտեցնել տեղի ունեցող դեպքերը»,- նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:

 

Ոստիկանությանն ի վերջո հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Ակցիայի մնացած հատվածն անցել է ըստ ծրագրվածի:

 

Ոստիկանության տվյալներով՝ ևս մեկ մարդ է տուժել ակցիայի ժամանակ: Ակցիայի կազմակերպիչը հարված է ստացել մասնակիցներից մեկից, երբ փորձել է հանդարտեցնել իրավիճակը:  

 

Քաղաքականություն

Պատահարներ