ՀՀ-ը շարունակելու է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ  և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։

 

«Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծեց ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ 

 

ՀՀ դեսպանի կողմից շեշտվեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։

 

Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության և ջանքերը համադրելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ