Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

 

Aurora News-ը տեղեկացավ, որ Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, նախկին Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը Բաբաջանյանը: «Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»,- գրել է պատգամավորը: 

 

ՀՔԾ հայտարարության համաձայն` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: 

 

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նշենք, որ մյուս քրեական գործը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործն է: 

 

Քաղաքականություն