Ֆրանսիան և Հայաստանն էլ 3000-ամյա բարեկամություն ունեն․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Թրամփին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան գրառումով կատակել է ԱՄՆ նախագահի այն խոսքերի վերաբերյալ, թե Միացյալ Նահանգները և Իտալիան համատեղ պատմություն ունեն դեռ անտիկ Հռոմի ժամանակներից։

 

«Քանի որ Երևանը նշում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը 3 հազարամյակի բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտուի կայսրության ժամանակներից սկսած»,- գրել է Լաքոթը։

 

Հիշեցնենք, որ Թրամփն այսպիսի հայտարարություններ արել էր Իտալիայի նախագահին ընդունելիս։ Սոցցանցերում տարածվել էր այդ հանդիպման տեսանյութը, որը հայտնի է դարձել Թրամփի թարգմանչի արտասովոր դեմքի արտահայտության շնորհիվ։ Սոցցանցերում տարածվեցին մեմեր, թե թարգմանչուհին այդպես արձագանքում է Թրամփի անհեթեթ խոսքերին։

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կինն ուղղակի փորձել է ուշադիր լսել նախագահների խոսքերը։ Իսկ Սպիտակ տան թվիթերյան գրառումով էլ հաստատվեց, որ Թրամփը խոսել է Միացյալ Նահանգների և Իտալիայի համար ընդհանուր մշակութային և քաղաքական ժառանգությունից, որի ակունքները գնում են մինչև անտիկ Հռոմ։
 

Քաղաքականություն