Նաիրի Հունանյանը նախ պետք է հանդես գա ասելիքով․ Անդրանիկ Քոչարյան

«Նաիրի Հունանյանը, եթե հիմա այդպիսի ցանկություն ունի, եթե ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իմանալու, թե վերջապես հոկտեմբերի 27-ին ի՞նչ է տեղի ունեցել, նախ պետք է  հանդես գա ասելիքով»,-  այս մասին այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, ասաց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝  Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել 20 տարի հետո հայտնվել ազատության մեջ, սակայն կարծում է, որ այդպիսի հանցագործություն կատարած մարդը, որ 20 տարի զրկել է երկիրը զարգացման հեռանկարից, դրա իրավունքը չունի. «Նա հնարավորություն է տվել այլ ուժերի՝ մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որից հնարավոր եղավ ազատվել 20 տարի հետո միայն:

Այդ կոռուպցիոն համակարգն էր, որ պահում էր իշխանությունը: Այդ օլիգարխիկ կոռուպցիոն համակարգն էր, որը ընտրությունից ընտրություն սպասարկում էր իշխանության վերնաշերտին, և այսօր էլ այդ վերնաշերտը, տեսնում եք, ինչպիսի կատաղի պայքար է տանում հնարավոր բացահայտումներին խոչընդոտելու համար: Դա լինի մարտի 1, թե ապրիլյան քննության հանձնաժողով»։ 

 

Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Քաղաքականություն

Պատահարներ